2014թ․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական բարձր տնօրինությամբ հիմնվեց Սոցիալական ծառայության գրասենյակը, որի առաջնային առաքելությունն է՝ մշակել և իրագործել սոցիալական աջակցության և զարգացման բազմաբնույթ ծրագրեր Հայաստանում և Արցախում։
Նորին Սրբության ջանքերով դեռևս Արարատյան Հարապետական թեմի առաջնորդական փոխանորդության տարիներին Հայաստանում հիմնադրվեցին բարեգործական ճաշարաններ, որոնց թիվը Վեհափառ Հայրապետի գահակալության առաջին տարիներին հասցվեց 5-ի (մեկական ճաշարաններ՝ Էջմիածնում և Վանաձորում, երեք ճաշարան՝ քաղաքամայր Երևանում)։ Ավելի քան երկու տասնամյակ՝ յուրաքանչյուր օր, այս ճաշարաններում սնունդ է ստանում շուրջ 900 անձ։ .
Տնօրեն՝ Տ․ Մարկոս քահանա Մանգասարյան
Հեռ․՝ +374(10)517–178
Համառոտ տեղեկություններ 2020-2023թթ․
ցուցաբերված սոցիալական աջակցության ծրագրերի
2020թ․
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից իրականացվել են ավելի քան 2 մլրդ. 118 մլն. ՀՀ դրամի բարեգործական ծրագրեր: Սոցիալական ծրագրերը հիմնականում ուղղված են եղել Արցախյան պատերազմի հետևանքով ստեղծված աղետալի իրավիճակի և կորոնավիրուսի տարածման հետ կապված դժվարությունների մեղմմանը:
Արցախյան պատերազմի օրերին, Արցախի օգնության ծրագրիե շրջանակներում կազմակերպվել է Արցախից տեղահանված անձանց Ծաղկաձորում, Եղեգնաձորում, Սաղմոսավանում և Էջմիածնում կացարաններով ապահովելու ծրագիր:
Հետպատերազմյան շրջանում հաստատվել է «Արցախի աջակցության հանձնախումբը», որի կողմից իրականացված ծրագրերի շրջանակներում պարենային և առաջին անհրաժեշտության պարագաների փաթեթներ են բաշխվել Արցախում իրենց բնակատեղին կորցրած ընտանիքներին, ամանորյա նվերներ են տրվել արցախյան պատերազմի հետևանքով զոհված, գերեվարված, վիրավորում ստացած և Արցախից տեղահանված երեխաների, դրամական աջակցություն է տրամադրվել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերից գաղթած 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Մայր Աթոռի և թեմերի միջոցով կազմակերպվել են մարդասիրական ծրագրեր, որոնց շրջանակներում պարենային և առաջին անհրաժեշտության պարագաների օգնություն է տրամադրվել անապահով ընտանիքների, առողջապահական ծրագրերի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել ՀՀ առողջապահության նախարարությանը՝ բուժսարքավորումների և այլ բժշկական պարագաների տեսքով, ԿԳՄՍ նախարարության միջոցով ՀՀ դպրոցների և «Էօրնեկեան հանրակրթական դպրոցի» սաներին տրամադրվել են գրասալիկներ (պլանշետ)։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հաշվետու տարում շարունակել է նաև ամենամյա բարեգործական ծրագրերը: 2020 թ. նույնպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանավորության ներքո գործող բարեգործական հինգ ճաշարաններում մինչև տարեվերջ յուրաքանչյուր ամիս շահառուներին տրամադրվել են պարենային սննդի և առողջապահական պարագաների փաթեթներ:
Մայր Աթոռի մանկախնամ գործունեությունը ծավալվել է «Քյուրքչյան» և «Նագաշյան մանուկների տուն» կենտրոններում:
Ֆինանսական աջակցություն է տրամադրվել հայաստանյան թեմերի հոգևորականներին՝ երեք ամսվա կտրվածքով:
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում իրականացվել է «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցության» ծրագիրը։
2021թ․
Տարվա ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայությունների գրասենյակն իրականացրել է, ընդհանուր առմամբ, 457,259,744 ՀՀ դրամի բարեգործական և սոցիալական ծրագրեր, որոնց ուղղակի շահառու է դարձել 6,531 ընտանիք (շուրջ 30,000 անձ):
Տրամադրվել է դրամական, իրային, առողջապահական և պարենային աջակցություն: Իրականացվել են Արցախի աջակցության ծրագրեր: 2020 թ. նոյեմբերի 25-ին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ հաստատված «Արցախի աջակցության հանձնախումբ»-ն Արցախյան պատերազմի հետևանքով նյութական ծանր կացության մեջ հայտնված արցախահայությանը բացառապես մարդասիրական ծրագրերով օգնելու նպատակով իրականացրել է.
1. Շուրջ 100,000,000 ՀՀ դրամի աջակցություն Արցախյան պատերազմի հետևանքով Ադրբեջանի տիրապետության տակ անցած բնակավայրերի 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին:
2. Արցախի թեմի՝ բնակարան կորցրած հոգևորականներին փոխհատուցում 17,957,450 ՀՀ դրամի չափով:
3. Իզմիրլյան հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ սննդամթերքի և հիգիենայի պարագաների աջակցության ծրագրեր 44-օրյա պատերազմից տուժած և Հայաստանում ապաստանած 1,074 ընտանիքի՝ 28,000,000 ՀՀ դրամի չափով:
4․ 790 ընտանիքի համար սննդի փաթեթների բաշխում՝ 9,822,852 ՀՀ դրամի չափով: Մայր Աթոռի մանկախնամ գործունեությունը ծավալվել է «Քյուրքչյան» և «Նագաշյան մանուկների տուն» կենտրոններում:
2022թ․
Տարվա ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվել են դրամական, իրային, սննդային, հիգիենիկ պարագաների, բժշկական աջակցության և այլ բնույթի մի շարք ծրագրեր: Ընդհանուր առմամբ թեմերի և Մայր Աթոռի կողմից տրամադրվել է 788,471,445 ՀՀ դրամի չափով օժանդակություն, որն ուղղվել է մի շարք բարեգործական ծրագրերի իրականացմանը: Առանձնացնենք նշանակալի մի քանի ծրագրեր.
Դրամական և իրային աջակցություն (2,106,304 ՀՀ դրամ) 2022 թվականի ընթացքում 1,956,304 ՀՀ դրամի արժողությամբ իրային օգնություն է տրամադրվել Արթիկի թեմին։
Սեպտեմբերի 13-ին թշնամու սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված ընտանիքներին ընդհանուր առմամբ տրամադրվել է 23,941,780 ՀՀ դրամի օգնություն, մասնավորաբար․
1․ Գեղարքունիքի թեմում իրականացվել է սննդի աջակցության ծրագրի 2 փուլ․ ընդհանուր՝ 22,693,780 ՀՀ դրամ արժողությամբ, 862 ընտանիքների համար,
2․ Վայոց Ձորի թեմին է տրամադրվել 1,248,000 ՀՀ դրամ թեմապատկան ճամբարում ապաստանած ընտանիքների սննդի աջակցման համար:
3․ Միջինում 500,000 ՀՀ դրամ է փոխանցվել ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների 190 ընտանիքի, ընդհանուր ծախսը՝ 95,500,000 ՀՀ դրամ:
2020 թ. նոյեմբերի 25-ին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ հաստատված «Արցախի աջակցության հանձնախումբ»-ը՝ 2022 թ. սկզբին իրականացրել է հանձնախմբի եզրափակիչ ծրագիրը՝ արցախյան պատերազմի հետևանքով սոցիալական ծանր կացության մեջ հայտնված արցախահայությանը բացառապես հումանիտար ծրագրերով օգնելու նպատակով իրականացնելով 16,400,000 դրամի օժանդակություն:
Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի խնդրանքով և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության գրասենյակի համաձայնությամբ Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու և Ասկերանի շրջանների համայնքներում իրականացվել են գյուղատնտեսական աջակցության 3 ծրագրեր, որոնց ընդհանուր ծախսը կազմել է 61,763,190 ՀՀ դրամ:
Մայր Աթոռի մանկախնամ գործունեությունը ծավալվել է «Քյուրքչյան» և «Նագաշյան մանուկների տուն» կենտրոններում: Սոցիալական ծառայության գրասենյակի յուրաքանչյուր տարվա հաշվետվությունը ներկայացվում է ԳՀԽ հաջորդ տարեսկզբի առաջին նիստին։ Հաշվետվությունները տպագրվում են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական հանդեսում՝ «Էջմիածին» ամսագրում։